ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը․ Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008 թթ. աշխատել է կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա՝ Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:
Խաչատրյանը մի քանի կետով նշեց այն կարևոր գործառույթները, որ ԿԲ-ն իրականացնում է։
«Այն, ինչ այսօր դրված է ԿԲ-ի վրա՝ գների և ֆինանսական կայունության ապահովման առումով, համապատասխանում է ժամանակակից թրենդներին և հաջողված՝ կենտրոնական բանկերի փորձին: Ես այս առումով ԿԲ-ն գնահատում եմ լավագույն հաջողված ԿԲ-ներից զարգացող երկրներում»,- ասաց Խաչատրյանը։
Խաչատրյանի կարծիքով՝ կանխիկ շրջանառությունը բոլոր դրամական ագրեգատներում չափազանց մեծ է:
«Մենք կանխիկ տնտեսություն ենք, որը աքսիոմատիկ է, որը չի կարող լինել կապիտալի շուկա, երբ երկրում տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն ըստ էության կատարում է մեծ ծախսեր կանխիկի շրջանառության ապահովման համար, որը սուբսիդիա է այդ վճարամիջոցից օգտվելու համար»,- ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






