Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով՝ նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Աշխատաժողովի ընթացքում կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները:
Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական:
Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






