Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթվա վերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում, որը, համաձայն 1992 թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», — ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաջողություններ մաղթելով սահմանապահներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:
Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






