Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:
Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:
Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքները՝ էլեկտրոնային կրթությունը, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են:
Նախագահն անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև՝ կապված իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ, նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:
Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






