«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը բացառեց շրջանառվող խոսակցությունները, թե սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին իրենց խմբակցությունից կորոնավիրուսով վարակված երկու պատգամավոր է մասնակցել, մինչդեռ խմբակցությունից հրահանգ է եղել ինֆորացիան գաղտնի պահել:
«Պարտադրանքները մեր խմբակցությանը չեն վերաբերում: Մենք որևէ մեկի կողմից պարտադրանքի ներքո չենք, մենք միակամ ենք: Դա արձանագրվում է փաստերով», — ասաց նա:
Անդրադառնալով իմքայլական պատգամավորներից ոմանց, որոնք փողոցում քայլում են դիմակներն իջեցրած, Ուլիխանյանը շեշտեց՝ դա սխալ քայլ է։
«Չպետք է վատ արարքից օրինակ վերցնել, պետք է օրինակ վերցնել լավ արարքից: Ես էլ եմ մեկ-մեկ հանում դիմակը, և շատ վատ եմ անում: Շատ վատ են արել, որ դիմակը հանել են, բայց մենք չենք ասում մեր քաղաքացիներին վատը ընդօրինակել: Սխալվեր կարող են բոլորը, բայց դա չպետք է դառնա վարքագծի կանոն, որ եթե ԱԺ պատգամավորը դիմակը հանում է, ես էլ պետք է հանեմ»,-ասաց նա:
Ուլիխանյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը հվանաբար կլինի վաղը, օրակարգը հայտնի կդառնա ավելի ուշ։
Անդրադառնալով լուրերին, թե ինքը նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ, պատգամավորը նշեց, որ լլուրերն իր համար անակնկալ չեն, սակայն այս պահին ԱԺ պատգամավոր է, ապագայում ինչ էլ լինի, լինելու է հրապարակային։ Նա չհերքեց լուրերը, որ հարցի վերաբերյալ թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛ վարչապետի հետ քննարկումներ են եղել։
Պատգամավորն անդրադարձել է գույքահարկին թեմային՝ նշելով, որ քաղաքացիները, հարկեր վճարելով, ստանում են այդ հարկերից բազմապատիկ ավելի արդյունք՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման ձևով։
«Նույնը վերաբերում է գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ գույքի վերաբերյալ հարկ է: Գույքահարկը պետք է վճարվի գույքի արժեքից ելնելով»,– ասաց նա։
Նա նշել է, որ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք կունենան դժվարություններ, գույքահարկը վճարելու հետ կապված, բայց ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին կարող է և ունի իրավունք հավաքագրվելիք գույքահարկի տասը տոկոսի չափով իր որոշմամբ անհրաժեշտ և օբյեկտիվ պայմանների առկայութայն դեպքում իր քաղաքացուն, եթե խնդրահարույց է նրա համար վճարելը, իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի գանձման չափը։
Իշխող ուժի պատգամավորն ընդգծում է, որ գույքահարկի նոր դրույքաչափի ավելացումն սկսվելու է 2021թ․ դեկտեմբերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






