Գիշերը կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է 25-ամյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հավելելով, որ սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է «որպես քրեական հեղինակություն»։
Կայքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդը տուն գնալիս է եղել, կրակոցները հնչել են շենքի մոտ, նա միայնակ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչ կրակելը, երիտասարդին նաև դանակահարել են։
Ըստ որոշ տեղեկությունների՝ հնչել է 18 կրակոց, որից երկուսը դիպել է երիտասարդին։ Կրակոցները եղել են ինքնաձիգից։ Երիտասարդին հասցրել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղ էլ մահացել է։ Այս պահին Վարդենիսի քրեական ոստիկանությունը դեպքի վայրում է։
Թե որն է եղել սպանության պատճառը առայժմ հայտնի չէ, իրավապահները փորձում եմ ճշտել։
Նշվում է նաև, որ Թորգոմ Հարությունյանը նոր էր քրեկատարողական հիմնարկից դուրս եկել ու Վարդենիսում որոշ անձանց հետ ինչ-որ հարց ու պատասխաններ է ունեցել։ Երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







