Այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, նրանք իրենց ձեռքով ստեղծեցին։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և կարող են որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ:
Մելիքյանի խոսքով, մոտեցումներից մեկի համաձայն՝ 2-3 դատավորներ այլևս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել։
Մելիքյանը նաև նշեց, որ մոտեցում կա, որ այս փաստաթուղթն ընդհանրապես իրավական ուժ չունի, կա նաև մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ:
«Սա արդեն ճգնաժամ է նշանակում: Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ և շատ դժվար է լինելու մեր հանրությանը վերականգնել այս խայտառակ վիճակը: Եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն, այստեղ մենք գործ ունենք դրա կիրառելիության հետ, որովհետև ունենք ՍԴ-ի մասին օրենք, որտեղ կա այն կանոնը, որը մեզ ծանոթ է»,-ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է։
«Այո՛, ես համարում եմ, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, այո՛, համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչև այսօր, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է բազմաթիվ արարներով և այս վերջին արարը, որը ամենակոպիտն էր, ամենաերևացողն եր: Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք և ի լուր աշխարհի ֆեյսբուքի էջով հայտարարում է, որ այս պահին սա է գործում կամ նա: ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, իր աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք: Արդյոք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարևորում, թե գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրավական արժեքները ոտնատակ տալ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով»,-ասաց Մելիքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







