1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, և չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն:
2․ «Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բևեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բևեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում:
Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարևաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը:
Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել,Ա. Վարդանյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾ-ից:
3․ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, որը հայտնի է Տուգո մականվամբ, պատրաստվում է արտագաղթել Եվրոպա, ավելի կոնկրետ` Հունաստան:
Ըստ շրջանառվող լուրերի` ժամանակին տարբեր սկանդալների կիզակետում հայտնված Ավագյանն արդեն իսկ վաճառքի է հանել Ջրվեժում գտնվող իրեն պատկանող «Աստաֆյան և Բելաջո» ռեստորանային համալիրը:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ վերջերս հրապարակում են ունեցել «Քաղպայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գաղտնի չաթերի ու այնտեղ քննարկվող թեմաների մասին: Գրել էին, որ քննարկել են Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, որոշ պատգամավորներ մտավախություն էին հայտնել, թե՝ եթե դատարանը նրան բաց թողնի, կփախչի, և Արարատ Միրզոյանը հանգստացրել էր նրանց։
Սակայն, ինչպես տեսանք, դատարանները դեռևս կարողանում են հակադրվել, և միշտ չէ, որ իշխանությունը հասնում է իր ուզածին։ Այդ չաթերի մասնակիցներից մեկը թերթին տեղեկություններ փոխանցեց, որ թերթի հրապարակումից անմիջապես հետո ՔՊ-ն «ուժեղացված ռեժիմի» է անցել, սկսել են չաթերից հեռացնել կասկածելի անձանց, անգամ չաթերից մեկը փակել են ու շատ խիստ զգուշացրել մյուսներին, որ բոլորը հսկողության տակ են, և ցանկացած կասկածելի հանդիպում, շփում արձանագրելու դեպքում ՔՊ-ականը հայտնվելու են «սև ցուցակում» և պատժվելու է:
Թերթի աղբյուրը վստահ է, որ իրենց հետևում են և գաղտնալսում։ Նրանք խիստ սահմանափակել են իրենց անձնական շփումները՝ շառից-փորձանքից հեռու:
5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, հիմա անցել են պլան բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու:
ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ:
Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել:
«Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր և մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, և մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը:
Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարևան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաևԻրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»:
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
Ի դեպ, նա նաև ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա և Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։
Բեգոյանին հանեցին, ձևական մրցույթով ՀՈԱԿ-ի տնօրեն «ընտրվեց» քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերը՝ Արա Աղայանը։
Եվ Քրիստինեի երազանքն իրականացավ՝ նշանակվեց այս ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Բժշկական համալսարանից տեղափոխվելով քաղաքային կառավարման ոլորտ:
8․ «Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլև նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը և լռեցնել։
Թերթի ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար:
9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին է միացել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թերթի տեղեկություններով, արդեն քանի օր ոլորտի պատասխանատուներին հրահանգված է՝ քրքրել բուժհաստատությունները, պարզել, թե Ծառուկյանի ընտանիքն ու մերձավորներն առողջական ինչ խնդիրներ ունեն։
Իմանալով, որ Ծառուկյանների ընտանիքում կորոնավիրուսի դեպք կա, հանձնարարվել է պարզել, թե որտեղ են թեստ հանձնել, որտեղ են բուժվում, ինչ միջոցներ ու կապեր են օգտագործել։ Մտել են մարդկանց նեղ անձնական տարածք, ու հենց նախարարությունից էլ ապահովել են ինֆորմացիայի արտահոսքը՝ այն նկատառումով, որ նախ ցույց տան, թե ինչի հանգեցրին Ծառուկյանի կազմակերպած բողոքի ակցիաները, և որպեսզի մարդիկ առաջիկայում խուսափեն գնալ այդ ակցիաներին։
Չի բացառվում, որ առաջիկայում ավելի «հուժկու կոմպրոմատներ» հայտնվեն համացանցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






