ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ նշել է, որ վերաքննիչ դատարանը վերահաստատեց, որ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ազատությունից զրկելու հիմնավոր կասկածը բացակայում է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ևս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







