Դատարանների հարցը լուծված չէ, որովհետև խամաճիկային հին համակարգը խամաճիկային նորով փոխարինել չենք ցանկացել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով՝ առանց կողմնակի ազդեցությունների, առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի, այդ դատավորը երկրի հենասյունն է և մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար և ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար»,-նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի բացակայությանը նիստին՝ վարչեպտը նշեց, որ քաղաքական ուժը, իր կարծիքով ինքնաոչնչացվել է, որովհետև երբ որ այս ամբիոնից հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է:
«Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառքը են բաժանել և նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որևէ մեկի համար:
Եվ երբ որ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեությունը չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել:
Ովքեր ճշմարտւթյունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, որոնք կուլիսներից, մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ ակցիաների մասնակիցների՝ կորոնավիրուսով վարակվելուն, որոնք թաքցնում են, որ վարակվել են կորոնավիրուսով ու ակցիաների, հանրահավաքների կոչեր են անում.
«Տեսանք ձեր արած հանրահավաքը: Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք: Կեսին էլ սպառնալով: Գալիս եք առանց դիմակների կանգնում եք, ասում եք չկա կորոնավիրուս: Հիմա թևածում է: Կասեն իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան չկարողանան իշխանափոխություն անեն: Մեզ եկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում: Բա որ մենք հանրահավաք անենք: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով»,- նշեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






