1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռևս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց:
Քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արթուր Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով: Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, և միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին:
Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը« որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է»։
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:
Ըստ թերթի տեղեկությունների՝ կան նաև պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս դժվարացավել է պատասխանել, նրա խոսքով, նման ստուգումները պարբերաբար բնույթ են կրում:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ուրբաթ օրվանից, երբ ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխանությունը կանցնի ՍԴ կազմը փոխելու գործուն քայլերին։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ նոր նախագահ է դիտարկվում ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանը, որը դատավոր է ընտրվել հեղափոխությունից հետո։ Նրա թեկնածությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովը։
Իսկ իշխանության երբեմնի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեման կարծես թե փակված է։
Ի դեպ, երեկ ՍԴ դատավորների տարածած հայտարարությանը, որով իրենց «խիստ մտահոգություններն» էին հայտնում բարձր դատարանի շուրջ կատարվող իրադարձությունների առիթով, Դիլանյանը չէր միացել։ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր, ինչպես նաև նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:
Ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելու տարբերակը, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, եղել աշխատակազմի ղեկավար, բայց իշխող թիմում եզրակացրել են, որ Վարդանյանն իր տեղում «անփոխարինելի» է՝ ԱԺ-ում չունեն ուժեղ իրավաբան։
Իսկ նոր դատավորների փնտրտուքը շարունակվում է, առայժմ հնչում են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, վճռաբեկի դատավոր, 62-ամյա Մամիկոն Դրմեյանի անունները:
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են և Ռոբերտ Քոչարյանի, և ՀՀԿ-ականների տարբեր թևերից, ինչպես նաև գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել:
Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքինև հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ և ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաև, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին և, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ:
5․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է ցուցում՝ գտնել հիմքեր քրեական գործի հարուցումը մերժելու համար։
Այս ցուցումը Խաչատրյանին դրել է բավականին բարդ իրավիճակի մեջ, քանի որ հաղորդումը մշակված է պրոֆեսիոնալ կերպով, և ներկայացված են անհերքելի հիմքեր, որոնք անտեսելն ու քրեական գործի հարուցումը մերժելը դարձել է պրակտիկապես անհնար:
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել ու լծվել է մաքսային ոլորտը սեփական կադրերով համալրելու ու անցանկալիներին հեռացնելու գործին։ Օրերս նա «Զվարթնոց» օդանավակայանի կամ Արևմտյան մաքսատան-վարչության ուղևորների հսկողության բաժնի բաժանմունքի պետերին, որոնց նախկինում հերթափոխի պետ էին կոչում, ասել է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Թերթին ասել են, որ նա այս պաշտոններում մտադիր է իր մտերիմներին նշանակել, այդ թվում՝ իր ընկերուհիներից մեկին։
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս քննչական է կանչվել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդը` ցուցմունք տալու, որ ինքը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: «Նկարներ» կան, որ խմբակցության «մեքենայի ղեկին» Դավիթ Խաժակյանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






