Եկեք Սահմանադրության փոփոխությունների քննարկումները քաղաքական դաշտից տեղափոխենք իրավական դաշտ, չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նման խորհուրդ տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցը միայն մեկ դիտարկում է արել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ խորհրդարանական մեծամասնությունը սահմանափակել է երկրի նախագահի լիազորությունները՝ որոշելով, որ փոփոխությունների դեպքում նրա ստորագրությունը չի պահանջվում։
«Մենք չենք կարող խոսել լիազորություններից զրկել-չզրկելու մասին, երբ արձանագրվում է, որ իրականում ըստ իրավաբանների մեկնաբանությունների, այդ լիազորությունը ՀՀ նախագահը չունի: Այսինքն եթե չկա լիազորություն, չի կարող խոսք լինել դրանից զրկելու մասին»,-ասաց Մակունցը:
Նա հավելել է, որ այդ հարցով ելույթ է ունեցել նաև խորհրդարանի խոսնակը։
Անդրադառնալով միջազգային կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի արձագանքին՝ Մակունցը նկատեց, որ վերջինիս հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, իսկ խորհրդարանական մեծամասնությունն ընտրել է այն ճանապարհը, որը, ըստ այդ մեծամասնության, օպտիմալ կերպով կլուծի ստեղծված լարված իրավիճակը:
«Հիշեցնեմ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական, այլ ոչ թե պարտադիր բնույթ է կրում», — ասել է Մակունցը:
Օրենսդրությունը հստակ նկարագրում է խորհրդարանում որոշումների ընդունման կարգը, և այն հանգամանքը, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն այս պահին սահմանադրական մեծամասնություն է, այդ մեծամասնությանը թույլ է տալիս քվեարկել խղճի և համոզմունքների համաձայն, կարծում է Լիլիթ Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






