Սահմանադրական փոփոխություններով լավագույն դեպքում կարող են դադարել երկու դատավորների լիազորությունները՝ բացի ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հետևաբար, երկու դատավորի փոփոխություն է փորձում անել իշխանությունը, ինչպես նաև ՍԴ նախագահի լիազորությունների դադարում, ինչը վարչական պաշտոն է: ՍԴ նախագահը չունի երկու ձայն, նա ունի մեկ ձայն քվեարկությունների ժամանակ: Այս առումով, մեծ փոփոխություն չկա: Հանրային պրոպագանդան, որ սա ուղղված է Հրայր Թովմասյանին փոխելուն, ըստ էության, այս փոփոխությամբ տեղի չի ունենում: Ես ասել եմ, որ ուզում են թնդանոթով կրակել ճնճղուկի վրա: Մեկնարկած գործըթացը թնդանոթներ են։ Անգամ այդ իրավիճակում պրոպագանդված նպատակը չի բավարարվում, որովհետեւ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե իրենց ասում են՝ ՀՀ նախագահը համաձայն է իր լիազորությունից զրկվի, դուք ինչո՞ւ եք դա վիճարկում ՍԴ-ում, Մարուքյանը նշեց, որ իրենք նախագահին չենք դիտարկում որպես անձ, այլ որպես ինստիտուտ:
«Եթե վաղը լինի ուրիշ նախագահ, նախագահը պետք է այդ վերահսկող, հակակշռող լիազորությունն ունենա: Ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ՀՀ նախագահի և քաղաքական մեծամասնության մեջ, որ այդ լիազորությունը նախագահը զիջի կամ չունենա նման լիազորություն, բայց դա չի նշանակում, որ դա մեզ համար ընդունելի ձև է, հետևաբար մենք վիճարկելու ենք այդ հանգամանքը: Եթե Սահմանադիրը որոշել է, որ ստորագրելու այդ վերահսկողական մեխանիզմի լիազորությունը ունենա, ուրեմն դրա մեջ իմաստ կա: Մենք վերադարձնելու ենք այդ լիազորությունը իր տեղը»,-ասաց Մարուքյանը:
Նշենք, որ ըստ սահմանադրական փոփոխությունների դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






