Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահամանադրական փոփոխություններ ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա կատարվածը որակեց ասպատակություն ՍԴ-ի վրա:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին ևս նշեց, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը:
«Առաջին խախտումն այն է, որ երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչև երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը, որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից և այդ մեկնաբանության արդյունքում խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը։
Մյուս կարևոր խախտումն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից։ ԱԺ մեկ խմբակցությունը իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել, ինչը ևս ՀՀ օրենսդրության և Սահմանադրության խախտում է:
Այս խախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ: ՍԴ դիմելու հիմքերից մեկը օրենքների, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով ՀՀ նախագահինզրկել են իր լիազորություններից:
Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»:
Անդրադառնալով նրան, որ պետք է ՍԴ-ում վիճարկվեր սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը, Տարոն Սիմոնյանն ասաց. «Սահմանադրության 168-րդ դրույթի համաձայն դա չի կարող վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքն է պարտավոր դիմել ՍԴ:
Եթե մեր գործընկերները այս հիմքերն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են Սահմանադրության պահանջները, կամ էլ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին։ Պատգամավորի խոսքով՝ որպեսզի որևէ ձևով չմիջամտեն այս գործընթացին, Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված իրենց դիմումը:
«Մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, և թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»,- նշեց նա:
Հարցին, ստացվում է, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանո՞ւմ ԲՀԿ-ին և չի ավելացնում պակասող երկու ստորագրությունները, Մարուքյանը պատասխանեց. «Այո, դուք ճիշտ եք հասկացել, մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի քննությունից հետո: Իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






