Նախկինում հնչեցրած բոլոր տեսակետներն ուժի մեջ են, անկախ նրանից, թե դատարանը կիրակի ինչ որոշում է կայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Կարող եմ ասել, որ սա ո՛չ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը: Սա ընդամնեը եկավ ապացուցելու օրենքի գերակայության, առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները:
Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները»,- նշեց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, Տոնոյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կմասնակցի այսօրվա նիստին: Նախորդ նիստը բոյկոտելու վերաբերյալ Տոնոյանն ասաց, որ այդ ժամանակ բողոքի խոսք են հայտնել, բայց շարունակելու են օրենսդիր գործունեությունն ու այսօր հանդես են գալու ելույթներով:
Իվետա Տոնոյանը նշեց, որ իրենք, այսպես, թե այնպես, առաջնորդվելու էին իրենց օրակարգով, և Գագիկ Ծառուկյանի կալանավորվելը կամ չկալանավորելը որևէ բան չի փոխելու: Ինչ վերաբերում է 2015 թվականի քաղաքական գործընթացների հետ համեմատականին, ապա նա ասաց, որ որևէ դեպքում չեն ցանկանում համեմատականներ անցկացնել նախկինի և ներկայի միջը: «Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և քաղաքական թիմի հարյուր տոկոսանոց հաստատակամությունը մեր երկրում փոփոխություններ իրականացնելու, դուր գա դա ոմանց, թե դուր չգա»,-ասաց նա և նշեց, որ օրենքով սահմանված գործիքակազմերըը օգտագործվելու են:
«Մենք ունենք կոնկրետ գործընկերներ, որ մենք «Հայրենիք», ՀՅԴ կուսակցության հետ ունենք քննարկման եզրեր` մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ: Մենք քաղաքական քննարկումների փուլում ենք: Եթե ձեզ թվում է, թե քաղաքականության մեջ գործընթացները տեղի են ունենում մեկ գիշերվա մեջ, քնելով և զարթնելով և ասելով` ալե հոպ, հիմա սա ենք անում, այդպես չէ: Իհարկե, մենք գործելու ենք»,-ասաց նա և կոչ արեց անցյալի վերհուշերով չապրել և նշեց, որ քաղաքականության մեջ չկան ո’չ հավերժական բարեկամներ, ո’չ հավերժական թշնամիներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






