Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակել է Հայաստանի գործող իշխանությունների դեմ մեղադրանքներով տեսահոլովակների շարքը:
Հունիսի 20-ին հրապարակված նոր մեղադրանքները կապված էին Գյումրիում մաքսատան կառուցման հետ։ Ըստ Մինասյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշմամբ, առանց մրցույթի թույլատրել է «Ատրիում թիմ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ նախագծի շրջանակներում կազմակերպել բոլոր հաշվարկային և նախագծային աշխատանքները:
Մինասյանի խոսքով՝ նշված ընկերությունը լիցենզիա չի ունեցել եւ երբեք չի մասնակցել որեւէ մրցույթի եւ չի կատարել որեւէ խոշոր պետական աշխատանք: Մինասյանը հայտարարել է, որ ընկերությունը համապատասխան մարմիններից արտոնագիր է ստացել նախորդ տարի՝ օգոստոսի 26-ին։
«Ըստ շրջանառվող լուրերի ՝ ընկերությունը ուղղակիորեն կապված է ՊԵԿ նախագահի տեղակալ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի Շուշան Ներսիսյանի հետ», — ասել է Մինասյանը: Նախկին դիվանագետի խոսքով՝ նախագծային աշխատանքների արժեքը կազմել է 30 մլն դրամ, որն ավելի ուշ աճել է մինչեւ 180 մլն դրամ։
Մինասյանի խոսքով ՝ ինքը տարիներ շարունակ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակ» օրաթերթը ՝ այն բանի դիմաց, որ վերջինս թերթի հրապարակումներում չանդրադառնա Մինասյանի ընտանիքի հետ կապված թեմաներին։
Մինասյանը հայտարարեց նաև, որ առաջին անգամ դնում է ջրբաժան՝ իր և Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների միջև. «Ես պայքարելու եմ Փաշինյանին Հայաստանից վռնդելու համար։ Փոխարենը ես ոչ մեկից ոչինչ չեմ ուզում»,-նշել է նա։
https://www.facebook.com/100001352727236/posts/2939568396098222/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






