Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել մայրիկի վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք: Ճիշտ է քվորում եղել է, բայց Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է:
ԲԴԽ-ն քննարկելով ստեղծված իրավիճակը որոշել է հետաձգել նիստը, նշանակելով այն հունիսի 25-ին:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Պատառը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ազարյանի կողմից դատական նիստում հնչեցրած վիրավորական արտահայտություններն են: Այսօր ԲԴԽ-ում նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը: Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







