Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք միջազգային գործընկերներն իրեն դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների առնչությամբ:
«Ես հանդիսանում եմ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական և բարեկամական խմբի ղեկավարը, երեկ զրույց եմ ունեցել Ռուսաստանի դաշնային ժողովի փոխնախագահի հետ, որևէ նման հարց չենք քննարկել: Ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Որևէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ մյուս մեր գործընկերներից»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Հայաստանի միջազգային լուրջ գործընկերները քրեական գործի առնչությամբ հախուռն և շտապողական հայտարարություններ կանեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






