Կառավարությունն այսօր՝ հունիսի 18-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը։
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։
Այս միջոցառման շրջանակներում տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայությունները նախադպրոցական կրթության մասնավոր մանկապարտեզները, սպորտի բնագավառում գործունեություն սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթի, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում և խաղատների գործունեությամբ զբաղվողները։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:
Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







