Տեղական արտադրության դիմակների առավելագույն արժեքն այժմ կազմում է 100 դրամ, իսկ ներմուծվածների արժեքը՝ մինչև 150 դրամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով դիմակների շուկայում առկա վիճակը:
«Ավտոմատ ապարատների միջոցով վաճառվող դիմակները, որոնց նոր խմբաքանակը կստանանք, մեծածախի գինը նվազել է՝ դարձալով 60 դրամ: Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինը իջեցրել են: Նոր խմբաքանակը որ ստանանք՝ կդառնա երկու հատը առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվի: Դրանք ստերիլ փաթեթավորված են և հարմար են օգտագործման տեսանկյունից»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ ղեկավարը հավելեց, որ շուտով կավարտեն բոլոր խոշոր դեղատնային ցանցերին առնչվող վարույթները:
Գևորգյանն ասաց՝ եթե հաստատվեն գերիշխող դիրքի չարաշահումները, ապա նրանք նաև պատասխանատվության կենթարկվեն:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացառում եմ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով: Այո՛, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, սակայն այդ ժամանակ ներմուծման արժեքն է ցածր եղել, համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- նշեց Գևորգյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց՝ ֆինանսական դժվարությունների դեպքում քաղաքացիները կարող են օգտագործել տնային արտադրության դիմակներ, որոնք սակայն երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին՝ հոդորելով հնարավարության սահմաններում կրել բժշկական դիմակներ։
«Տեսնում ենք՝ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում՝ կտորից դիմակներ չկրել, եթե հնարավոր է բժշկական դիմակ կրելը, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- կոչ արեց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







