«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Առաջին՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման և ընդհանուր աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությամբ ենք այսօր հանդես գալու։ Երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված արգելքի  որոշման իրավաչափությունը։ Այսինքն՝ քննիչ հանձնաժողով են ստեղծում և դիմում ենք ՍԴ, այս երկու քայլերն հենց այսօր անելու ենք, դրանք արդեն ուժի մեջ են»,- ասաց Տոնոյանը։

Պատգամավորը կոչ արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալու նախաձեռնությանը, որպեսզի անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքվեն։

«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, և պարտավոր ենք պարզել, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարելու գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, և արդյոք կառավարությունն ու պարետատունը իրավաչափ և ժամանակին գործողություններ են իրականացնում։ Իշխանության որոշումերի հապաղումից շատ դեպքերում կախված է եղել թե՛ վարակի տարածման տեմպերի ահագնացումը, թե՛ մահերի թվի աճը։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց մեղքի բաժինն ընդունեցին, բայց միայն ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի ու առողջության հետ»,- ասաց պատգամավորը։