Ընդդիմադիր ուժերի համագործակցությանը շատ լավ եմ վերաբերվում, թող բոլորով հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Սկզբից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի կողմից մի պահ փորձ արվեց իշխանությունը վերցնելու, դրանից հետո ԱԺ-ում վարչապետին փորձեցին չընտրել և այդ փուլերը շարունակվում են։ Այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա միայն լավ է և ուժեղացնում է իշխանությանը։ Վերջնականապես քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերի, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը», — ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակն է եկել , Սիմոնյանն ասաց, որ այդ զրույցի ժամանակն անցել է, և եթե նրանք փորձում են կրկին խաբել հանրությանը, իրենք թույլ չեն տալու:
ԲՀԿ-ի բոյկոտի վերաբերյալ խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ եթե վերադառնում ես խորհրդարանի դահլիճ, բոյկոտի իմաստը կորում է, ԲՀԿ-ն պետք է այլ քայլեր կատարի:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն և դրան հաջորդած իրադարձություններին, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ՀՀ ում օրենքի գերակայություն է, բոլորը, այդ թվում՝ ինքը, հավասար են օրենքի առջև:
«Քաղաքական գործիչը կամ Ազգային ժողովի ներկայացուցիչը, պատգամավորը, պայմանական՝ նկատի չունենալով որևէ մեկին, չի կարող օրենք խախտել: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը։ Նա ընդգծեց, որ Ծառուկյանի հետ առնչվող գործը բացվել է Կառավարության նախկին անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակում, այսինքն, չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության, ինչ-որ անձի հետ կապված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






