1․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը և հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում:
Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, և հարկադիր սնանկացումն անխուսափելի է:
Նշենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ, նա Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին։
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ առավոտվանից իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներ և խուզարկություն իրականացրել: Նրանք, ըստ հավաստի տեղեկությունների, հրահանգ են ստացել՝ հավաքագրել ցանկացած մանրուք, որը կարող է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին օգուտ տալ։
Հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլև Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։ Երկուսն էլ, իրավապահ մարմինների թերթի աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։
Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։
3․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, և մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել՝ իշխանության դեմ պայքարի տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնելու ԱԺ։
Այդ գործընթացը կանոնակարգվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, և նման իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները: Սակայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 79 պատգամավորի քվեով։
ԲՀԿ-ում գիտեն, որ եթե անգամ ԼՀԿ-ն չմիանա դատախազին հեռացնելու օպերացիային, ապա դրանից իրենք շահած են դուրս գալու՝ բացահայտելով իշխանականների և հատկապես ընդդիմադիրների իրական դեմքը, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին, որը համաձայնել է նաև Փաշինյանի ձեռքում գործիք դառնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






