ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության նիստի ժամանակ կայացրած որոշման համաձայն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով կքվեարկեն իրենց խղճի և մտքի համոզմունքով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով Սասուն Միքայլելյանի բացակայությանը՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ Միքայելյանը նաև նախորդ քառօրյա նիստին ներկա չի եղել՝ առողջական խնդիրների հետ կապված:
Հարցին՝ արդյոք խմբակցությունում այդ որոշման վերաբերյալ դեմ կամ կողմ արտահայտվողներ եղե՞լ են, Մակունցը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ չի կատարի։ Նիստը եղել է փակ։
«Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցելու, միջնորդություն է բերվել ԱԺ, որով պատգամավորները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումն այն մասին՝ արդյո՞ք մենք համաձայնություն հայտնում ենք, որ իրավապահ մարմինները լիարժեք քննություն կատարեն: Այդ ամենը կատարվում է առանց անմեղության կանխավարկածը խախտելու»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ չընդգծելով խմբակցությունը այս հարցում միակամ է, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է նրան, որ եթե միակամ քվեարկություն չլինի պատգամավորները պատասխանատվության կենթարկվեն, թե՝ ոչ, Մակունցը նշեց՝ ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, պատգամավորները քվեարկում են իրենց խղճից և մտքից ելնելով։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հուշագիր ստորագրելու, համագործակցությունների մասին՝ Մակունցը նշեց՝ քաղաքական հարցերում համաձայնություն ունենալու կամ համաձայնություն չունելու հարցը որևէ կերպ չի կարող կաշկանդել իրավապաշտպան մարմիններին, քանի որ հակառակ դեպքում իրավապահ մարմինները խնդիր կունենան քաղաքական և իրավական խնդիրները զատելու առումով:
Հարցին, թե Ծառուկյանին առնչվող չորս քրեական գործեր են ներկայացվել, որոնք եղել են միայն այն ժամանակ, երբ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն է արել Կառավարության դեմ, Մակունցը պատասխանեց, որ իրավական գործողությունները և քաղաքական հայտարարությունը բոլորովին իրար հետ չեն առնչվում:
«Ես վերահաստատում եմ երեկ արված իմ հայտարարությունն այն մասին, որ չեմ բացառում, ունեմ այն համոզմունք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ՝ ում կողմից տեղեկություններ են հասել, որ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում: Բնականաբար, քաղաքական հայտարարություն անելը ենթադրում էր վահան՝ այս ամենից պաշտպանվելու համար, այս ամենը որպես «քաղաքական հետապնդում» որակելու համար: Մենք պետք է համբերատար լինենք և թույլ տանք, որ իրավապահ մարմիններն անկաշկանդ իրականացնեն իրենց գործը»,-նշեց նա։
Հարցին՝ ի՞նչ տարբերություններ կան, ԲՀԿ առանջնորդի և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի անեռնխելիությունից զրկելու գործընթացների մասին, Մակունցը նշեց, որ եթե մենք սկսենք համեմատել տարիները, և որ հարթության մեջ ենք դիտարկում. իրավակա՞ն, քաղաքակա՞ն, պարզապես հնարավոր չի հարցին պատասխանել։
« Գործընթացները տարբերվում են այնքանով, որ իրավական և քաղաքական պրոցեսներն իրարից անջատ են և որևիցե մեկը չի կարող ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






