Խմբակցությունը դատախազի միջնորդության վերաբերյալ կայացրել է որոշում, բայց մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո՝ փակ գաղտնի քվերակությամբ։ Այս մասին նշել է Լիլիթ Մակունցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո, որի ընթացքում քննարկվել է վաղը կայանալիք ԱԺ քառօրյայի օրակարգը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազի կողմից ստացել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
Լիլիթ Մակունցը նշել է նաև, որ դատախազության ներկայացրած միջնորդությունը իրավական հիմք ունի․ «Որևէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ, և պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին քաղաքական երանգներ տալուց»։
Մակունցն, անդրադառնալով հարցին, թե երբ երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր էր ստորագրում, «Իմ քայլ»-ում չգիտեի՞ն, որ Ծառուկյանն ունի լիցենզիաներ չունեցող կազինոներ, ընտրակեղծարար է, ինչո՞ւ էին ստորագրում այդ հուշագիրը, նշել է. «Այդ հուշագիրը, որի մասին խոսում եք, ենթադրում եմ՝ նկատի ունեք վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, այդ հանդիպումը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը նախ ընդհանրապես սատարելու հեղափոխությունը մինչև վերջ, այդ թվում խորհրդարանական ընտրություններով մինչև վերջ հասցնելուն, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






