ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին: Նիստն անցկացվում է «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» պատգամավորների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ պատճառը զբաղվածությունն է:
«Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք: Զբաղված ենք»,- ասել է Աբովյանը:
Նա նշել է, որ նիստի ներկա չգտնվելը կապ չունի օրակարգում ընդգրկված «Հարկային օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ և իրենք նիստը չեն բոյկոտում: Հարցին, արդյոք մասնակցելու են հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստին, Աբովյանը պատասխանել է՝ ըստ երևույթին՝ այո:
Նշենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






