«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին՝ Հայաստան-Արցախ ճանապարհի կառուցման նախագիծը դատապարտող Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հայտարարության կապակցությամբ։ Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»»,- գրել է ԼՀ խմբակցության ղեկավարը։
Իր ուղերձում Մարուքյանը նշել է, որ եվրապատգամավորների հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը և դրանում օգտագործվող սահմանումները ոչ միայն չեն համապատասխանում Մինսկի խմբի ներկայացուցիչների տրամաբանությանն ու ոգուն, այլև ուղղակիորեն հակասում են նրանց:
Հաշվի առնելով հայտարարության կողմնակալ և ակնհայտորեն ադրբեջանամետ ուղղվածությունը՝ Մարուքյանը դիմում է Դավիդ Սասսոլիին՝ խնդրելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագայում նման միակողմանի հայտարարությունները բացառելու և արդեն արված հայտարարությունները դատապարտելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






