Չնայած ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, սակայն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Նա նշել է, որ ակտիվ քաղաքականությունը երկու ուղղությամբ է դրսևորվում․ առաջինը՝ առանձին սուբյեկտների հետ ազատ առևտրի կամ արտոնյալ պայմաններով առևտրի ռեժիմի շուրջ պայմանագրերի կնքումն է, ինչն առավել ևս արտահայտվեց նախորդ տարի ՀՀ նախագահության ընթացքում, երբ հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին բաղադրիչին։ Մյուս ուղղությունը դիտորդի կարգավիճակն է։ Դիտորդի կարգավիճակ այսօր ունի միայն մեկ պետություն՝ Մոլդովան։
Դիտորդի կարգավիճակ ստանալու համար այսօր ընթանում են բանակցություններ, կան դիմումներ․ դիտորդի կարգավիճակ ստանակու համար դիմել են Կուբան և Ուզբեկստանը։
«Ավելին, ժամանակին դա շատ նուրբ խնդիր էր, մենք շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որ դիտորդի կարգավիճակ ստացող պետության առջև դրվեն բավականաչափ լուրջ պահանջներ և դա բխում էր ԵԱՏՄ պայմանագրի 109-րդ հոդվածից, ըստ որի այն պետությունը, որ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ, պարտավորվում է չկատարել քայլեր, որոնք վնաս կհասցնեն որևէ անդամ պետությանը կամ կազմակերպությանն ամբողջությամբ»,- նկատել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ դա պատահական չեն արել, որովհետև ժամանակին փորձեր կային մեզ համար ոչ ընդունելի պետությունների՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում. դա վերաբերում է մասնավորապես Ադրբեջանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







