Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Եթե որևէ խնդիր չունենք, ուրեմն հարաբերություններ չունենք։ Ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց խորքային պրոբլեմ, որը ճգնաժամային է», — ասաց նա:
Նախարարի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ծավալուն են, կան բանակցային ձևաչափեր, որտեղ միասին փորձում են խնդիրները լուծել։
«Մեզ մոտ օրակարգն այնքան լայն է, այնքան բան ունենք խոսելու նախարարների և գերատեսչություների մակարդակով։ Ունենք ընդարձակ օրակարգ՝ երկկողմ բնույթի»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ բավականին մեծ ծավալի համագործակցություն կա ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում։
Ըստ նրա՝ հարաբերությունների հիմքում ոչ թե խորքային ճգնաժամն է, այլ այն ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որի հիման վրա կառուցվում է երկխոսության համագործակցության ամբողջ ծավալը՝ բոլոր իր ուղղություններով։
«Այդ հիմքը որևէ ձև խարխլված չէ։ Մեր կառավարությունը եղել է հետևողական ամրագրելու, որ այդ հիմքերն են եղել և մնում ՀՀ-ՌԴ միջև հարաբերություններում», — ասաց նա։
Դիտարկմանը, թե վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում, Մնացականյանն ասաց, որ կան հարցեր, որոնց շուրջ թափանցիկ ու բաց խոսվում է․
«Հիմք չկա դա դիտարկել որպես պրոբլեմ, որը սեպ է խրում կամ ճգանաժամային է դարձնում մեր հարաբերությունները»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ ՌԴ կողմից բերվել են հարցեր, որոնք կարող են դիտարկվել այլ կոնտեքստում, մասնավորապես մեր կողմից դիտարկվում է ներքին իրավական կոնտեքստում։ Նա չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում Հայաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների հարցով, որոնք այժմ ՌԴ-ում են։ Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ դատաիրավական բնույթի են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






