Այսօր կառավարության նիստում քննարկվեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի՝ բջջային հավելվածի միջոցով իրավախախտումների վերաբերյալ ծանուցում ուղարկելու հարցը:
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս ծրագիրը պետք է օգտագործել համաճարակի պայմաններում և ֆիքսել այն վարորդներին, որոնց մեքենայում մեկից ավելի անձ կա, բայց վարորդը դիմակ չի կրում:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ անձնական տվյալների պաշտպանության հետ կաված կարող են խնդիրներ առաջանալ:
Փաշինյանը չհամաձայնեց.
«Նկարեց, փաստը ֆիքսեց, ով ասեց, թե երևալու է՝ ով է նստած: 1000 նկարից կարող է անհավանական մեկ-երկու կադր լինի, որ երևա՝ ով է մարդը, բայց կերևա՝ դիմակով է, թե ոչ», – նշեց նա:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասաց, որ եթե անձին լուսանկարահանում են կոնկրետ ժամին կոնկրետ վայրում և տեղեկություններ են հավաքում, դա, միանշանակ, անձնական տվյալների մշակում և հավաքագրում է.
«Ավելի լավ, թող դիմակով լինեն, չեն ճանաչի, ինչքան էլ նկարեն: Դա ևս մեկ խթան է, որ հակամաճարակային կանոնները պահպանեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոցա կրել դեմքը հնարավորինս փակող, ամուր դիմակներ, և մեքենաները մգեցնելու կարիք էլ չի լինի»,-ասաց Փաշինյանը:
Բադասանը հիշեցրեց, պատասխանատվության է ենթարկվում անձը, ոչ թե վարորդը: Փաշինյանն առաջարկեց փոխել այդ դրույթը և պատասխանատվությունը դնել վարորդի վրա:
Բադասյանը նշեց, որ վարչապետի առաջարկների հիման վրա կփորձեն լուծումներ գտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







