Այսօր Ազգային Ժողովում Երևան քաղաքի 2019 թվականի կատարողականը ներկայացնում էր Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչո՞ւ չի ներկայացել քննարկմանը:
«Նա եզակի պաշտոնյաներից է, որն արդեն երկրորդ անգամ բացակայում է ԱԺ-ում բյուջեի վերաբերյալ քննարկումներից»,- ասաց Թանդիլյանը՝ նկատելով, որ մամուլից են միայն տեղեկանում Մարությանի բացակայության մասին:
«Ինչո՞ւ ԱԺ-ին չի տեղեկացվում, որ քաղաքապետը չի ներկայանալու, ինչո՞ւ հենց դուք եք ներկայացնում, եթե կա առաջին տեղակալ: Հատկապես լինելով այն պաշտոնյան, ով աշխատանքից ազատվելու խնդրանքով էր դիմել, որից հետո՝ անհասկանալի հանգամանքներում 1.8 մլն պարգևավճար ստացել: Դուք ո՞ւմ եք ներկայացնում, կարող է մեկ ուրիշ քաղաքապետի տեղակալ գա՝ ասի, որ ինքն է ներկայացնում բյուջեն»,- հարցրեց պատգամավորը:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքապետը շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակիցների հետ:
Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ ինքն է ներկայացնում կատարողականը, քանի որ ֆինանսական զեկույց է, և քաղաքապետը, հավանաբար, նախընտրել է, որ ֆինանսական գծով տեղակալը ներկայացնի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






