Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ վերոհիշյալ անձը միաժամանակ հանդիսանալով «Երկրապահ կամավորականների միություն» հկ անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Սպիտակի երկրաշարժի տարելիցի և Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս, Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում, ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը` համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով նշված համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






