ԱԺ-ում շարունակվում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի կատարողականը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ չնայած տարին նպաստավոր էր, ծախսումներ են կատարվել, մինևնույնն է, գյուղատնտեսության ոլորտում անկում կա և նախատեսված 0,7 գյուղատնտեսական աճը հնարավոր չի եղել ապահովել և տպավորություն կա, որ եթե նախարարությունն այս ոլորտում ոչինչ չաներ, ոչինչ այլ կերպ չէր լինի:
Այս մտքի հետ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ այսօր կառավարության աջակցության ծրագրերը մեծ պահանջարկ ունեն, բայց այդ ծրագրերի արդյունքները անմիջապես չի զգացվում, որովհետև եթե, օրինակ, ինտենսիվ այգի են տնկում, այն մեկ տարում բերք չի տալիս:
Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, որ եթե գիտեն, որ կատարելու են այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքը միայն ապագայում է երևալու, ինչպես են կանխատեսում 0,7 տոկոսի ՀՆԱ-ի աճ:
«Կամ էլ պետք է ասեք, որ որևէ կապ չունի ձեր նախարարության կատարած ծրագրերը ՀՆԱ-ի աճի հետ: Ինչ-որ մի տեղ կապ է խզվում, ինչու նրեդաշնակ չի աշխատում գյուղատնտեսության ոլորտը»,-ասաց նկատեց Թանդիլյանը՝ ավելացնելով, որ գուցե մի քանի տարի անց Կառավարությունը անկումները բացատրի կորոնավիրուսով:
Նախարարը պատասխանեց, որ կորոնավիրուսը տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ ավելի քիչ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության ոլորտի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







