Քաղավիացիայի ոլորտում այսօր արձանագրված խնդիրները մեկ օրում չեն առաջացել և ամենևին 2019թ-ի արգասիքը չեն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019թ. Բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականը Քաղավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ Եվրոպական մի քանի ավիաըկերություններ մուտք գործեցին Հայաստան՝ քաղաքացիների համար մատչելի տոմսեր ապահովելով:
Պապիկյանը նշեց, որ ցանկալի կլիներ կանխել այսօրվա խնդիրները, բայց ունենք այն, ինչ ունենք:
«Մենք շարունակում ենք լինել Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ունեցած ցնանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,-ասաց նախարարը:
Պապիկյանը հայտարարեց, որ իրենց առջև դրել են տեղական փոխադրող ունենալու նպատակ.
«Ես դրա ջատագովն եմ և ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիան: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողների համար բաց լինեն: Բայց խոսքը վերաբերվում է իրական փոխադրոողների, ոչ վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված արհեստական միավորների մասին: Ես խոսում եմ իրական միավորների մասին, և մենք դրանում հետևողական ենք լինելու և լուծելու ենք առկա խնդիրները»,-ասաց Պապիկյանը:
Նա նշեց, որ Քաղավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային որոշակի փաթեթ ունի, որը ուրվագծում է, թե ինչ քայլերով պետք է առաջ գնա՝ խնդիրները հաղթահարելու համար: Նախարարը նշեց, որ այդ փաթեթը բաց և հասանելի կլինի հանրության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







