Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պարետատան նիստից հետո բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում, վերադարձել է Հայաստան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին, նշեց, որ Գերմանիայում մայիսից վարակը նվազել է՝ բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ։
Մանուկյանն ընդգծեց, որ հայրենիքում վիրուսի ահագնացող տեմպերը և Առողջապահության նախարարի գրառումը տեսնելով, որ պահաջնվում են բժիշկներ՝ վերադարձել է հայրենիք և նույն օրը միացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիմին։
Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժնի կատարած աշխատանքն ուղղակի աննկարագրելի է։ Ամբողջ բուժանձնակազմը կռիվ է տալիս մահվան դեմ։ Մանուկյանը կոչ արեց պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։
«Կանխարգելումը միակ ամբողջական արդյունավետ լուծումն է այս հիվանդության դեմ պայքարում»,- նշեց նա։
Մանուկյանը խնդրեց օգնել իրեն՝ մինչև հուլիսի 18-ը համաճարակի զարգացման այնպիսի տեմպ ունենալու հարցում՝ կանոնների համատարած պահպանմամբ, որպեսզի կարողանա վերադառնալ տուն և մասնակցել որդու մեկամյակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







