ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանին, Ոստիկանության պետ Արման Սարգսյանին և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Համաձայն նախագահի ևս մեկ հրամանագրի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինելու է Արգիշտի Քարամյանը, ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ Վահե Ղազարյանը, իսկ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ Օնիկ Գասպարյանը։ Ուժային կառույցներում կատարված կադրային փոփոխությունների պատճառների, դրանից բխող սպառնալիքների մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
-Պարոն Դանիելյան, ինչո՞վ է պայմանավորված ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի որոշումը, նման հրամայական կար հիմա և ինչի՞ կհանգեցնի այն։
Դժվար հարց եք տալիս, որովհետև այդ հարցին մենք կարող ենք պատասխանել հիմնվելով միայն այն ինֆորմացիայի վրա, որը բոլորի համար հասանելի է: Թե այլ ինչ ինֆորմացիաներ է ունեցել տվյալ դեպքում այդ նշանակումներ կատարողը՝ մենք չգիտենք։ Եղած ինֆորմացիան հետևյալն է՝ եղել է Դաշնակցության և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, ակտիվացել է Արթուր Վանեցյանը՝ կուսակցություն է ստեղծել և ակտիվ հայտարարություններ է տարածում, որից կարելի է ենթադրել, որ սա որոշակի անհանգստություններ է առաջացացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վստահություն չունենալով ուժային կառույցների նկատմամբ, ինչն ինքը երբևիցե չի թաքցրել և արտահայտել է, վարչապետը փորձել է նոր նշանակումների միջոցով կառույցները իր համար դարձնել վերահսկելի․ այլ ենթադրություններ կարծես թե չկա։
-Ուժային կառույցներն արդյոք ընդունում են առաջին դեմքերի՝ մեկ-երկու տարվա մեջ փոփոխությունները, թե դա միայն թուլացնում է համակարգը, ի՞նչ սպառնալիք կա պետության անվտանգության տեսանկյունից։
Բնականաբար ուժային կառույցների ղեկավարների այսքան արագ փոփոխությունները որևէ լավ բան չեն նշանակում, այն էլ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար։ Բայց նույնիսկ դա չէ խնդիրը, այլ այն, որ երկրի վարչապետն անընդհատ անվստահություն է հայտնում ոչ միայն կառույցի ղեկավարների, այլ ամբողջ համակարգի նկատմամբ, ակնարկներ է անում, որ դրանք այլ երկրների են ենթարկվում, կոռուպցիա է այնտեղ, և դա արվում է հրապարակային կերպով։ Բնականաբար այդ կառույցների բարոյալքվում են, և այն ունենում է իր հետևանքներն ու ազդեցությունը երկրի անվտանգության վրա։
-Որքանով է իրատեսական շրջանառվող այն տեսակետերը, ըստ որի՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դուրս բերվեն վարչապետի վերահսկողությունից ու հաշվետու լինեն Ազգային ժողովին, և գուցե սա է նոր նշանակումների պատճառը։
Նոր նշանակումների պատճառը ճիշտ հակառակն է։ Օրենքը չփոխվեց, որ Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարները չդառնան քաղաքական անձինք և մնան վարչապետի հսկողության տակ։ Գոյություն ունի օրենք, որտեղ այդ կազմակերպությունների ղեկավարները պետք է նշանակվեն անձիք, որոնք ունենան համապատասխան ստաժ, բարձր կոչումներ, ուստի ստիպված են այդ կառույցների ներսից նշանակումներ կատարել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը կամ պետք է օրենքը փոխեր՝ չփոխեց, երկրորդ տարբերակը՝ ժամանակ շահեր և փոխատեղումների միջոցով իր մարդկանց ներդներ, օրենքը ֆորմալ առումով պահպանելով՝ իր մարդկանց նշանակեր պաշտոններում։ Տեսանք՝ Արգիշտի Քարամյանին մի օրում աշխատանք ընդունեցին- հանեցին, նշանակեցին, կոչումներ տվեցին, նույնը Ոստիկանապետը՝ վարչապետն իր ընկերոջը նշանակեց այդ պաշտոնին։ Այստեղ անձերի հարթության մասին է խոսքը, թե անձերի հանդեպ վստահություն ունի Փաշինյանը, թե՝ ոչ։ Այստեղ հմեկ այլ խնդիր է՝ որքանով այդ մարդիկ կկարողանան վերահսկել այդ կառույցը․ սա էլ ժամանակը ցույց կտա։ Իշխանափոխությունից հետո փորձ էր արվում սերունդների խնդիրը դնել, այն թեզը շրջանառության մեջ դրվեց, թե հին սերունդը փչացած է, նոր սերունդը սրբեր են երկնքից իջած։ Փորձ ավեց այդ սերունդների մեջ հակասություն ստեղծել, երիտասարդներին տալ հնարավորություն ուենալ այն, ինչ կյանքում չէին ունենա կամ կունենային 20-30 տարի հետո, և այդ հակադրության միջոցով այդ մարդիկ՝ իրենց շահերից ելնելով, կծառայեին ներկա իշխանություններին․ հիմա փորձում են այդ ծրագիրն իրականացնել։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







