Խաղաղ հավաքների տոտալ արգելքը վաղուց անհամաչափ է և պետք է վերացվի: Ֆեյսբուքում նման կոչերո է հանդես եկել «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, գրում է.
«Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր — նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էին։ Բայց արի ու տես՝ համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների մի մեծ շղթա. նախ, իշխանությունը ոտքից գլուխ տապալեց վարակը սանձելու սրբազան առաքելությունը։ Պատերազմական բառապաշարով ասած՝ Լենինգրադն էլ կորցրեց, Ստալինգրադն էլ, Մոսկվան էլ։ Եվ երկրորդը՝ սկսեց օգտվել խաղաղ հավաքների ազատության արգելքից՝ տարբեր վիճելի օրենքներ ու կոնվենցիաներ անցկացնելու, քրգործեր կարելու համար»:
Մելիքյանի խոսքով՝ օր-օրի «համերաշխության սպասումը» մահացավ և դրան փոխարինելու եկավ դժգոհությունն ու ցասումը, իսկ դրանց արտահայտման թիվ 1 ժողովրդավարական ձևը խաղաղ հավաքներն են, որոնք, ըստ նրա, իշխանությունը ամեն կերպ փորձում է խափանել:
Մելիքյանը գրում է, որ դա սկսեց կոնկրետ մայիսի 13-ի երեկոյան՝ արտակարգ դրության 58-րդ օրը, երբ մի քանի քաղաքացիներ բողոքում էին «հեծանվի գործով» անցնող Արթուր Ալեքսանյանի ձերբակալման դեմ, ինչից հետո վարչական ձերբակալման ենթարկվեցին տասնյակ անձինք՝ տարբեր առիթներով, տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, պարզապես բողոքող քաղացիներ։
«Ընդ որում՝ միայն Փաշինյանի ընդդիմախոսները։ Օրինակ՝ «դրուժիննիկների ակցիան» — մարդկանց դիմակներ դնելու մասին իբր իրազեկելը, որ մեկնարկեց 2 օր առաջ ու հանգեցրեց «գնդապետ-փորձագետ» հայտնի միջադեպին՝ ոչ միայն չի խափանվում, այլև խրախուսվում է»,-գրել է Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանը կոչ է արել վերացնել հավաքների արգելքը:
Ըստ նրա՝
1) ինքնաբուխ հավաքները կամ նույնիսկ ակցիաները կոշտ ձևով դադարեցվում են։
2) կոշտ ձևով դադարեցվում են միայն ընդդիմադիր ակցիաները. պրոքայլական ակցիաները լավ էլ խրախուսվում են։
3) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ «հանրային հավաքներ» բաժնում, տեղեկանում ենք, որ կոնկրետ քաղաքացի՝ Գրիշա Վիրաբյանը, նախապես իրազեկել է, որ հունիսի 15-ին Ազատության հրապարակում իրականացնելու է հանրահավաք։ Իրազեկումն ընդունված է ի գիտություն (հավաքը արգելված չէ)։ Սա առաջին իրազեկված (այսինքն՝ ոչ «ինքնաբուխ», ոչ «շտապ») հանրային հավաքն է ամիսներ ի վեր։
«Իհարկե, քայլականները չեն գնա խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու քայլին։ Ուստի այստեղ անելիք ունեն ընդդիմադիր 43 պատգամավորները։ Նրանցից ակնկալվում է հետևյալը. (1) ԱԺ-ում արտակարգ դրության երկարացումը քննարկելիս օրակարգ բերել այս խայտառակ արգելքը վերացնելու հարցը, (2) շտապ դիմել Սահմանադրական դատարան՝ այս ակնհայտ հակասահմանադրական արգելքը վերացնելու պահանջով»-գրել է Մելիքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






