Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
Վարչապետը ելույթի սկզբում նշեց, որ այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյան առաջացել է ոստիկանության գործառույթներում՝ կորոնավիրուսի համավարակն է՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջին երեք ամիսներին այս առումով ոստիկանությունը շատ ծանր աշխատանք է կատարել։
«Առաջիկայում համավարակի հաղթահարման գործում ոստիկանության աշխատանքի դերն էական է լինելու։ Ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում և պետք է նոր էներգիա հաղորդել։ Շնորհավորելով պարոն Ղազարյանին Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ես ամենաառաջնային խնդիրը համարում եմ ոստիկանությանը նոր լիցք տալը հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ համավարակը ժամանակավոր է և շուտով կամ մի փոքր ուշ այն կհաղթահարենք։
«Ոստիկանության գործառույթները շարունակում են բոլոր իրավիճակների համար առանցքային մնալ՝ ՀՀ-ում իրավակարագի, մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության պահպանության առումով։ Այս բոլոր գործառույթները խտացնելով՝ կարող եմ գալ հետևյալ եզրահանգման՝ ոստիկանության աշխատակիցը, ոստիկանի համազգեստը յուրաքանչյուր քաղաքացու մեջ պետք է առաջացնի պատկառանքի զգացում, պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն, ՀՀ քաղաքացին ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս պետք է ունենա պաշտպանվածության զգացողություն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Ոստիկանության նորանշանակ պետի խնդիրն է այս աշխատանքը կատարելը՝ հիմնվելով գիտելիքի ու փորձի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







