1․ «Իրավունք» թերթը գրում է, որ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, երեկվա աղմկոտ հրաժարականներն այսքանով չեն սահմանափակվի:
Մինչ բոլորը կարծում են, թե, ըստ տրամաբանության, հաջորդ հրաժարականները պետք է տան կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պարզվում է` ավելի շուտ պատրաստվում է գործադիրը լքել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդ որում` եթե նախորդ հրաժարականները պայմանավորված էին ՀՀ վարչապետի քմահաճույքով, կառավարությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Ջանջուղազյանի դեպքում` նախաձեռնությունը հենց իրենն է: Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Ջանջուղազյանը, պարզապես, լքում է լուծարվող կառավարությունը` նոր ձևավորվող կառավարությունում կրկին պաշտոն զբաղեցնելու խոստումների համաձայն:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Բագրևանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Նշվում է, որ շտապելու պատճառը եղել է այն, որ փեսացուի տատիկներից մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի և կարող է չապրեր մինչև արտակարգ դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը և մասնակցի այդ արարողությանը։
Բայց կարծել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից և ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը ծածուկ կմնա և լուրջ հետեւանքներ չի ունենա։
Հարսանիքի քավոր կանգնել է Արտակ Դավթյանի տեղակալը՝ Ստեփան Գալստյանը։ Հարսանեկան սեղանին վայրի խոզի միս են մատուցել, որն ուղարկվել էր Արցախից՝ Քարվաճառի կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից։
3․ «Իրավունք» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո` Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնացել է առանց գործադիր տնօրենի և լրատվական ծառայության տնօրենի: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերության կուլիսներում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով համալրված Հանրային հեռուստաընկերության լրատվականի թիմը կավելանա ևս մի «Ազատության» կադրով, որն էլ կղեկավարի և կկոորդինացնի իր նախկին գործընկերներին: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի մասին է, որը, ամենայն հավանականությամբ` առաջիկայում կստանձնի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը` փոխարինելով Պետրոս Ղազարյանին:
4․ «Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստին Նիկոլ Փաշինյանն անգամ հեռահար չի մասնացել․ տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Թերթի տեղեկություններով` հիմնական քննարկման թեման եղել է ԲՀԿ-ի «ոչնչացման, խայտառակման» սցենարը:
Բայց «Իմ քայլում» ոչ բոլորն են ձեռները քշտած այդ գործին ձեռնամուխ եղել՝ ֆրակցիայի տրոհման գործընթացը շարունակվում է: «Ընդ որում, խաղի այս փուլում առանցքային դերակատար է դառնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն սկսել է բավականին հմուտ խաղալ գորգի տակ, երևի բացատրել են, որ խորհրդարանական երկրում պառլամենտի դերակատարությունն աննախադեպ է, մանավանդ, եթե Ծառուկյանի ակտիվացման ֆոնին տեղի ունենան ԱԺ վերադասավորություններ՝ «երբեք մի ասեք «երբեք»։Այլ թիմերի հետ ևս Արարատը կամուրջներ է գցել, նա մոտ 15-20 պատգամավոր ունի իր ազդեցության դաշտում,և 2 կարևոր հանձնաժողովների նախագահները նրա մտերիմներն են` Վլադիմիր Վարդանյանը և Նարեկ Զեյնալյանը։ Նիկոլի ընդլայնված «սև ցուցակի» պատգամավորները ևս մոտ-մոտ են անում ԱԺ նախագահին»,- ասաց «Իմ քայլի» թերթի աղբյուրը:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր և մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։
Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երևում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, և նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը և նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։
Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։
Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սանից, երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբեւէ չէր եղել, և ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։ Թույլ չեն տվել վերև բարձրանալ նաևԱնանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է և միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերև՝ դիմում գրել և հեռացել:
6․ «Իրատես» թերթը գրում է, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու իշխանական համբավն ու ազդեցությունը, և փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
Առաջիկայում սպասում է ևս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում: Նախկին Հ3-ի հենքի վրա ստեղծված «Նոր Հայաստան» հ/ը-ի մի խումբ լրագրողներ` նախկին ՕԵԿ-ի անդամ, այժմ Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան Էդգար Առաքելյանի գլխավորությամբ, կստեղծվեն նոր լրատվամիջոց` «Արարատ նյուզի» հանգույն, ղեկավար կազմում ներառված կլինեն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմները։
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաև վարչապետի «սև ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։
Իսկ վարչապետը 2 շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի որոշ իմքայլականների ձեռքից մանդատը կարողանան վերցնել, իսկ մյուսներին ստիպել, որ հնազանդվեն։ Օրերս նրանք հիասթափեցրել են, թե՝ փաստերը թույլ են, ինչից Փաշինյանը զայրացել է և ասել՝ դուք չեք կարողանում, ուրիշները կգան, կանեն։ Նորանշանակներից երկուսը համերկրացի են և անտրտունջ կենթարկվեն նրա հրահանգներին:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության և ԲՀԿ-ի միջև փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
Տեղեկացանք, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը և սպառնացել, որ քայլ անելու դեպքում ոչնչացնելու է բոլորին։ Բայց ԲՀԿ-ականները չեն ընկրկում, շարունակում են իշխանություններին հակահարվածներ հասցնել։
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախօրեին «մերկացրեց» մի «կոռուպցիոն գործարք»՝ հայտարարելով, որ Փաշինյանն իր թիկնապահի քրոջ անունով 3 միլիոն դոլարանոց տուն է գնել Կանադայում։
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փաստերի վրա է հիմնված պնդումը։ Ասաց, որ փաստեր չունի, իր գրառումը Նիկոլ Փաշինյանի սիրած՝ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ է։ Իսկ մտահոգված չէ՞, որ դատի կտան կամ գործ կհարուցեն իր դեմ։ Ասաց՝ ոչ, և հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ, «օդում կախված լուրերի» համաձայն հայտարարություններ էին անում։
Օրվա վերջում իմքայլական Արփի Դավոյանը Ծառուկյանի գրառումն ուղարկեց գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզել նրա վկայակոչած փաստերի համապատասխանությունն իրականությանը և տալ իրավական գնահատական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






