«Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ մենք ամենօրյա քննարկումներ ենք ունենում և կայացնում ենք որոշումներ, որոնք մաքսիմալ համապատասխանում են ՀՀ շահերին՝ անվտանգային, տնտեսական, առողջապահական շահերին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության վարած հակահամաճարակային քաղաքականության մասին։
Վարչապետը նշեց, որ իրենց խնդիրը ոչ միայն հակամաճարակային իրավիճակը հաղթահարել է, այլև՝ այս իրավիճակի հաղթահարման պահին ՀՀ տնտեսության, սոցիալ-տնտեսական իրավիճակին և այլ պարամետրերով լավագույն իրավիճակ ունենալ է։
«Ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսի մեջ բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ, որոնք, կարծում եմ կլուծենք ճգնաժամի հաղթահարման արդյունքում՝ հերթ կանգնելու կուլտուրայից սկսած մինչև կարգի, օրենքի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրենք գնում են ճիշտ ճանապահով, և այդ ճանապարհը 100 տոկոսով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե իրենց քաղաքականության և հակամարճարակային կանոնների պահպանման կոչերը լսելի լինեն հանրության կողմից։
Վարչապետը նշեց, որ համահամաճարակային կանոնների պահպանման ակցիայի շրջանակներում կձևավորվեն 2 հոգանոց կամավոր խմբեր, որոնք, շրջելով բակերում, փողոցներում, շուկաներում, մյուսներին կիրազեկեն հակամաճարակային կանոնները պահպանելու կարևորության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







