Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվության նախնական քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել, իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 55 մլրդ դրամի:
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 14 միջոցառում:
Ինչ վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ապա բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 195,5 մլրդ դրամ է եղել, այն տարվա ընթացքում ճշտվել է` կազմելով 227 մլրդ դրամ:
«Փաստացի 172 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ հատկացված միջոցներով իրականացվել է 163 միջոցառում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







