Հունիսի 5-ին Օդեսայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Գիտաժողովին, որը նախագահում էր ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը, մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈՒՀՄ ղեկավարի տեղակալները, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարները:
Համաժողովի մասնակիցները քննարկել են համաճարակի պատճառով ներդրված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործունեությանը, բուժանձնակազմի աջակցությանը, COVID-19-ի դեմ պայքարի տարբեր միջոցառումների աջակցությանը, կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը մասնակիցներին տեղեկացրել է համապատասխան կառույցների հետ խորհրդակցությունների մասին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Հայաստանին օգնության հնարավոր տարբերակներ գտնելու համար:
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև Կիև-Երևան-Կիև չվերթի կազմակերպումը, Երևանում զբոսայգու կառուցման գործընթացը, «Ուկրաինա-Հայաստան.Պատմություն, Մշակույթ, Տուրիզմ» գիտական ժողովածուի հրատարակման հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը: Տեղեկատվության համաձայն՝ ՈՒՀՄ-ն պարբերաբար եռամսյակային և արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հրատապ խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







