Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական` 8-րդ թողարկման ընթացքում նոր մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ իշխանությունների հասցեին։
Նախ՝ Մինասյանն անդրադարձավ Դավիթ Անանյանի հրաժարականին։ Ըստ Մինասյանի՝ Անանյանը խելոք մարդ լինելով, հասկացավ՝ պետք է արագ փախչել խորտակվող նավից։ Նա նշեց, սակայն, որ Դավիթ Անանյանի այդ քայլը նրան չի փրկելու պատասխանատվության իր բաժնից: «Բայց գոնե մենք կարող ենք վստահ ասել, որ պարոն Անանյանը վերջնական չի խելագարվել»,-ասաց նա:
Այնուհետև Մինասյանն անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարաբերություններին։
Մինասյանի խոսքերով՝ Դուշանբեում վերելակում կայացած հանդիպումը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց զավթել Հայաստանի իշխանությունը, իսկ Իլհամ Ալիևին տվեց ռազմավարական և մարտավարական առավելություն. «Նիկոլ Փաշինյանը սարսափում էր պատերազմից կամ գոնե թե սահմանային սրացումներից։ Դրա համար, երբ առաջին անգամ հանդիպեց Իլհամ Ալիևին Դուշանբեում և ուներ տետ-ա-տետ շփման հնարավորություն, և արդեն Նախիջևանի ուղղությամբ կային խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաշվին մուրաց ժամանակ, որ ամրապնդի իր իշխանությունը, որ անի ընտրություններ, որ զավթի Հայաստանի իշխանությունը կամ Հայաստանի իշխանության մնացած ճյուղերը»։ Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը զիջել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռքբերումները. «Դրանից հետո երբեք ոչ ոք չի խոսել Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման մասին՝ ո՛չ եռանախագահները, ո՛չ Նիկոլ Փաշինյանը և իհարկե՛, ո՛չ Իլհամ Ալիևը»։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի հետևանքները Հայաստանը դեռ երկար է մարսելու. «Օր առաջ պետք է պրծնենք Նիկոլ Փաշինյանից՝ մարդուց, ում պատճառով հայ ժողովուրդը, Հայաստանը այսօր խայտառակ կացության մեջ է։ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, որ մարդկանց կողքին կանգնած լինի պետություն։ Ավելին՝ պետությունը, որը միտված էր պաշտպանելու մարդկանց, դարձավ այդ մարդկանց մահի, հիվանդության և ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորը և պատճառը»։
Մինասյանի կարծիքով՝ կան կառույցներ, որոնք պետք է կանգնած լինեին մարդկանց կողքին, օրինակ՝ ՊԵԿ-ը մարդկանց պետք է տար արձակուրդ՝ բիզնեսին հնարավորություն տալով շնչել. «Ես նույնիսկ չեմ կարող առողջապահության նախարարին կոչել այդ պաշտոնով, որովհետև այդ բառակապակցության մեջ կա այդ պաշտոնի բուն իմաստը՝ պահպանել առողջությունը։ Նա ամեն ինչ արեց, որ մարդիկ, լավագույն դեպքում, հիվանդանան կամ մահանան»։
Նա մեղադրեց Արսեն Թորոսյանին՝ իր ընկերներին համակարգում տարբեր պաշտոնների նշանակելու և կոռումպացնելու մեջ։ Միքայել Մինասյանը նաև նկատեց, որ այլ քաղաքների քաղաքապետերն այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարում առաջամարտիկներ են, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չկա։ Չկա նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






