Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար խորհրդարանի հատուկ նիստ հրավիրելու Դաշնակցության առաջարկին է միանում Արթուր Վանեցյանը: Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։
Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը ղեկավարող Վանեցյանն իր գնահատականներն է հնչեցրել իրադրության ու երկրում համաճարակի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ: «Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ, կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ մենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, համաընդհանուր ներուժի մեկտեղմամբ վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, այդ նպատակով գործողություններ են ձեռնարկել։ Սակայն քաղաքական իշխանության արձագանքը եղել է այս ամենն անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը»։
Ըստ Վանեցյանի՝ Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջը տեղին է և միանշանակ։ Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ «Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,-նշել է նա։
Վանեցյանը նշել է, որ այս առումով կարևորում է Դաշնակցության հետ համագործակցության հնարավորությունները. «Դաշնակցությունը եղել է և կա մեր ազգի ամենակենսունակ քաղաքական դիմադրողականության հիմնական կրողներց։ Հետրաբար, իմ կարծիքով «Հարենիք» և ՀՅ Դաշնակցություն կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է մեր պետության կենսական և անվտանգության շահերից»,-ասել է ԱԱԾ նախկին պետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






