«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» են պետության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»,-գրել է Մակունցը։
«Չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ, և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ, այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը»,-հավելել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Մակունցը ափսոսանք է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ:
Հիշեցնենք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստին հայտարարել էր, որ կառավարության ներկա կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, քանի որ համավարակի դեմ պայքարում և տնտեսության բոլոր ճյուղերում ձախողվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






