«2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան նախորդ տարի»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ներկայացրել է 2020-ի հունիսի 1-ի դրությամբ մահացության ցուցանիշը: «Հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել է 2307, նախորդ տարի՝ 2213 մարդ»,- ասել է Կառավարության ղեկավարը: Փաշինյանը նշել է, որ այս պատկերի բացատրությունը հետևյալն է՝ քաղցկեղով հիվանդների մեծ մասը վարակվել է կորոնավիրուսով, և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, վիրուսն է դարձել վարակի պատճառ:
Վարչապետը տեղեկացրել է, որ 2019-ի հունիսի 1-ի դրությամբ շնչառական տարբեր հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1062 մարդ: Պատճառը, ըստ նրա, նույնն է՝ մահը վրա է հասել կորոնավիրուսից: «Մահերի ցուցանիշը նվազել է, քանի որ շատերը, որոնք հոսպիտալացվել են կորոնավիրուսի պատճառով, բուժվել են, կամ վիճակը բարելավվել է: Այսինքն՝ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019-ին»,- ընդգծել է Փաշինյանը:
«Եվ ավելին, քանի որ այս հիվանդություններն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժում ստացել՝ ավելի շուտ հոսպիտալացվելու շնորհիվ, բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ իր վիճակը լավացել է։ Այսինքն՝ հիվանդությունը, որ պիտի իր մահվան պատճառը դառնար, կորոնավիրուսի շնորհիվ բուժվել է, կամ ավելի մեղմացել է»,- նշել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







