Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացրած որոշումը, որով դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, վառ ապացույցն է, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն պնդումները, որ մեր տարբեր գործընկերներ անում են, թե միգուցե դրա ժամանակը չէ, սին են: Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծել, և այսօր նույնպես ընդունված օրենքների, մեկ օր առաջ ընդունված օրենքների միտումը դա է: Կլուծվի, դա էլ կլուծվի:
Հասկանում եք, որ սաբոտաժ է տեղի ունենում, հասկանում եք, որ տարբեր մարմիններում փողի հաշվին, ստի հաշվին փորձում են կանգնեցնել, խանգարել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսը: Ոչ մի բանի առաջ չեն կանգնում, չեն էլ կանգնելու իրենց միլիոնները փրկելու համար, դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,- նշեց Սիմոնյանը:
Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկի մասին խոսելիս, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի: Սիմոնյանը խոսք տվեց, որ այդ առաջարկը հնարավորության դեպքում կհնչեցնի վարչության նիստի ժամանակ:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե կազմակերպված շարժում է եղել եկեղեցու դեմ, Ալեն Սիմոնյանն նշեց, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ որևիցե մի ուժ որևիցե անձնավորություն շարժում չի սկսել:
«Նման տեղեկությունների պարագայում ճիշտ կլիներ դրանք հրապարակել, ոչ թե վերացական բաներ ասել: Արթուր Վանեցյանը ասում է բաներ, որոնք կարծում եմ՝ գտնում է ճիշտ, որ ասի և մարդկանց մոտ համակրանք վայելի, որ մարդկանց մոտ էմոցիոնալ, ազգայնական նուրբ զգացմունքներ արթնացնի: Իր քաղաքական ընտրությունն է կարող է խոսել հայրենիք, Սփյուռք, եկեղեցի, Հայաստանի Հանրապետության մասին․ իր լեքսիկոն է, ազատ է, ինչ լեքսիկոնով ուզում է, թող խոսի»:
Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ մի որոշ ժամանակ, մոտ 5-7 տարի պետք է լռի և ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի և մնացածի տարբերությունը, ուսումնասիրի քաղաքական դաշտը և ձեւավորի նորմալ թիմ:
Նա նկատեց, որ մի քիչ ուռճացված է մի անձի շուրջ ձևավորված դիսկուրսը:
«Մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը խաղալիք չի փողով մեջը քաղաքականություն խաղալու համար: ՀՀ-ում փողով քաղաքականություն ձևավորելը և մարդկանց ճակատագրի, երկրի ճակատագրի հետ խաղալն անընդունելի է: Երբ ինչ-որ ժամանակ որևէ կուսակցություն կգա կհասնի այն փուլին, որ մենք բաց բանավեճ կունենանք, ես շատ անելիքներ կունենամ»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ օրինակ, ՀՅԴ-ի անցած քաղաքական ճանապարհի մասին շատ երկար կարելի է խոսել լավը կամ վատը, բայց օգտվել այն բանից, որ ինչ-որ մի պահ գործող, բարձր վարկանիշ ունեցող իշխանության հետ հնարավորություն է եղել իշխանություն կիսել և այդ բազաժի վրա հիմնվելով հիմա ամպագորգոռ հայտարարություններ անել, որոնք որևէ փոքր բանավեճին անգամ չեն դիմանա և դրա շուրջ օրակարգ ձևավորելը, այդ PR-շիկները, որ Սերժ Սարգսյանին տապալեցին, հաջողության չեն հասնելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






