ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկել է Ազգային ժողովի շենքն օգտագործել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: ԱԺ ամբիոնից իր ելույթի սկզբում պատգամավորը նշեց՝ «տպավորություն է, որ համավարակը վերջնականապես մեկուսացրել է Ազգային ժողովն այն խնդիրներից, որոնք եռում են դրսում»։
Հիշեցնելով այսօրվա նոր ռեկորդը՝ գրանցված 697 նոր դեպքերը, պատգամավորը նշեց, որ վիճակը չի թուլանում, ավելի է լարվում։
«Այս իրավիճակը մենք գնահատել ենք որպես պատերազմ, և այն իսկապես այդպես է, որն ընթանում է տեղեկատվական շատ կոնկրետ հարձակումներով՝ դիվերսիոն, ուղղակի թիրախավորված հարձակումներով։ Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, մահճակալների տեղ չկա։ Ես առաջարկում եմ, որ համայնքային սեփականության շենքերը, քաղաքապետարանները, մարզպետարանները և, եթե անհրաժեշտ է՝ Ազգային ժողովը և մնացած բոլոր հաստատությունները մենք տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց հորդորներին և պատրաստ ենք նրանց լսել»,- ասաց անկախ պատգամավորը։
Պատգամավորը նշեց, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ ծանր հիվանդներին տուն են ուղարկում բուժման համար։
«Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում արտահերթ նիստի ավարտից հետո օգնել բժիշկներին ու ոստիկաններին, դուրս գալ փողոց և փորձել մարդկանց համոզել դիմակներ կրել»,- առաջարկել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







