Վերջին մեկ օրում Հանրապետությունում արձանագրվել է մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվը՝ 697 վարակի դեպք, իսկ ընդհանուր թիվը հատել է 11 հազարի շեմը և կազմում է 11221։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համաճարակային վիճակը Հանրապետությունում։
Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ ծանր վիճակում է գտնվում 391 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 59, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի։
Նախարարը նշեց, որ վարակի բռնկումներ են արձանագրվում նաև տարբեր արտադրական ձեռնարկություններում, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկում, որովհետև մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում կրկին արտադրամասից, ու հնարավոր է, որ նույն սցենարը ունենանք։
Թորոսյանը տեղեկացրեց, որ արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման, և միայն մյուսներն են, որ տանն են բուժվում:
«Շատ կարևոր է, որ դեպքերի էական անկում ապահովենք, որ կարողանանք շարունակել պրոցեսը, այսինքն՝ որևէ մեկին առանց բուժօգնության չթողնենք»,- նշեց նախարարը:
Վարչապետը նշեց, որ մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահության համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ հավելելով, խնդիրը ոչ թե առողջապահական համակարգի մեջ է, այլ՝ հակահամաճարակային կանոնների չպահպանման մեջ:
«Վերջին օրերի մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում: Մենք ունենք ռիսկային գոտիներ, որոնցից մեկը մեր բանկային համակարգն է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը չի կառավարվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







