ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբհյանի հայտարարություններին, թե դիմակ կրել-չկրելու հարցում պաշտոնյաները մոլորության մեջ են գցում քաղաքացիներին:
Սիմոնյանի խոսքով՝ Զոհրաբյանն իր խոսքում արդար չէ, քանի որ ինքն էլ է նշել, որ դիմակ կրելը որոշ առումներով վնասակար է:
«Աշխարհը նոր է նման բանի առերեսվում, և մեղադրել, ասել, որ սկզբից այսպես, հետո այնպես եք ասում… Նույնը կարող եք ասել նաև Անգլիայի վարչապետին կամ պարոն Ծառուկյանին, որ ասում էր, թե բարի մարդկանց չի կպչում, բայց չի գալիս դահլիճ»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն անծանոթ է բոլորին:
«Չգիտենք, թե ինչպես կլիներ, եթե, օրինակ, մեր առողջապահության նախարարը լիներ Նաիրա Զոհրաբյանը: Դուք հեղինակավոր քաղաքական գործիչ եք, այստեղից խոսել, ասել, որ քաղաքացու վրա որևէ մեկը որևէ բան է գցում՝ արդար չէ: Մենք պետք է առաքելությունը վերցնենք մեզ վրա ու օրինակ ծառայենք։ Եթե կարգապահ չլինենք, իսկ մենք բոլորս աչքի չենք ընկնում չինացիների, կամ գերմանացիների պես մեր կարգապահությամբ, և մենք պետք է դա փոխենք»,- կոչ արեց ԱԺ փոխխոսնակը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ գործող իշխանությանը, որը իրեն չի տարբերում և չի առանձնացնում ՀՀ քաղաքացուց, պետք չէ փորձել ՀՀ քաղաքացուց տարանջատել և պաշտպանել:
«Այո´, պատերազմ է, և մենք միասնական կոչով պետք է պաշտպանենք ՀՀ քաղաքացիներին՝ օրինակ ծառայելով: Եվ շատ ճիշտ է, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի պատգամավորը այստեղ չէ՝ դիմակ չկրելու պատճառով, և թող չգա, եթե չի կրելու»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






